Վանի թագաորություն

Վանի թագավորություն

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու» իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Անվանումների նույնականացում

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը): Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[11]: Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք: Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[12]:

Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են:

Թուրքական վարկած

Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային ցեղասպանության մեջ:

Աշխարհագրական տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա: Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով: Նախկին Վանի թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և այլն: Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Արածանին և Արաքսը: Հայկական լեռնաշխարհում տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով միմյանց

Պատմություն

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Մշակույթ

Վանի թագավորության հողմի և անձրևի աստված Թեյշեբայի բրոնզե արձանիկը

Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Վանի թագավորության շրջանում։ Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին: Հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս Թուրքիայի և Իրանի սահմաններում գտնվող տարածքներում։ Բերդաքաղաքների պեղումների ժամանակ բացվել են նաև պաշտամունքային զանազան կառույցներ։

Խալդի աստծու տաճարի ավերումը․ (Սարգոն II-ի տաճարի պատի զարդաքանդակ)

Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը։ Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի (մ․թ․ա․ 722-705 թթ․) պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից։ Մուսասիրի տաճարը լիովին տարբերվել է Հին Արևելքում հայտնի պաշտամունքային կառույցներից և հիշեցնում է Հին Հունական դասական տաճարների նախատիպը։ Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա և ունեցել է ճակտոնով ավարտվող երկթեք տանիք։ Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով։ Ասորեստանցի արվեստագետը պատկերել է նաև ուռուցիկ միջնամաս ունեցող կլոր վահաններ, որոնք տեղադրված են սյուների և ճակատային պատի վրա։ Այդ վահանները լավ հայտնի են Վանի թագավորության ժամանակաշրջանի հուշարձանների՝ Ռուսախինիլի (Թոփրաք կալեի), Ալթին թեփեի  Ադիլջևազի  և այլ պեղումներից։ Վահաններով զարդարում էին ճարտարապետական հուշարձանների ներքին հորինվածքը։

Վանի թագավորության ժառանգություն

Վանի թագավորության հողային տարածքները մ․թ․ա․ 590 թվականից սկսած աստիճանաբար սկսեցին անցնել Երվանդունիների թագավորությանը, որը իր թագավորության իշխանության ներքո սկսեց միավորել համահայկկական բոլոր տարածքները

Արքայի անունը Անվան տարբերակները Հոր անունը Թագավորության տարիներ Մանրամասներ
Արամե Արամ, Արամու, Արամա 859-843 Վանի թագավորության առաջին հիշատակված արքան
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Լուտիպրի արքայի որդին 835-825 Վանի թագավորության հզոր արքաների հարստության հավանական հիմնադիրը։
Իշփուինի Իշվուին, Իսպոուին Սարդուրի Ա արքայի որդին 825-810 Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։
Մենուա Մինուա Իշփուինի արքայի որդին 810  –  786 Ընդարձակել է Վանի թագավորության տարածքը, ստեղծել լայն ոռոգման ցանց։
Արգիշտի Ա Արգիստ Մենուա արքայի որդին 786  –  764 Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր հասել։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։
Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Արգիշտի Ա արքայի որդին 764  –  735 Սարդուրի Բ-ն ընդարձակել է միապետության սահմանները, հզորացրել բանակը։
Ռուսա Ա Ռուշա, Ուրսա, Վեդիպրի Սարդուրի Բ արքայի որդին 735-710-ական
Արգիշտի Բ Արգիստ Ռուսա Ա արքայի որդին 710-ական-685
Ռուսա Բ Ռուշա, Ուրսա Արգիշտի Բ արքայի որդին 685-645
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Ռուսա Բ արքայի որդին մոտ. 643
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Զարդուրի Սարդուրի Գ արքայի որդին մոտ. 625  –  620
Էրիմենա Արաման մոտ. 620  –  605
Ռուսա Գ Ռուշա, Ուրսա Էրիմենա թագուհու որդին մոտ. 605  –  595
Ռուսա Դ Ռուշա, Ուրսա Ռուսա Գ արքայի որդին մոտ. 595  –  585

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *